Ինչպես է Հայաստանում նշվել Հայոց Մեծ Եղեռնի 50 ամյակը

Այդ օրերին, որպես ականատես կարող եմ ասել, թե Հայաստանի կոմկուսի ղեկավարությունն ինչպես էր նախապատրաստվում Մեծ եղեռնի 50-ամյակն ազգովին նշելուն։
1964թ փետրվարն էր, աշխատում էի ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի բաժնում։ Կենտկոմի առաջին քարտուղար Յա․ Զարոբյանը գաղափարական բաժնի աշխատակիցներին հավաքել էր խորհրդակցության։ Մոտ 40 րոպե տևող իր հաղորդման մեջ Զարոբյանը խոսեց հանրապետության տնտեսական և քաղաքական վիճակի, հատկապես Արփա-Սևան ջրատարի, Դիլիջան-Աղստաֆա երկաթուղու շինարարության, հանրապետության գազաֆիկացման աշխատանքների ընթացքի, նաև ազգային-քաղաքական որոշ հարցերի մասին։
Զարոբյանը, մինչև Հայաստան գալը հայերեն չիմանալով, կարճ ժամանակաշրջանում պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի օգնությամբ սովորեց իր նախնիների լեզուն։ Խորհրդակցության մասնակիցները մեծ ուշադրությամբ լսելով նրա հաղորդումը, նրա համարձակ խոսքի ազդեցության տակ ցանկացան ավելի պարզ արտահայտվել որոշ խնդիրների շուրջ։
Առաջինը ելույթ ունեցավ պրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալ Ջոն Կիրակոսյանը։ Համարձակորեն բարձրացնելով հաջորդ տարին լրացող հայկական Մեծ եղեռնի 50-ամյակը նշելու հարցը, նա հանգամանորեն խոսեց արտասահմանի հայության կողմից այդ տարելիցի նախապատրաստման և արտասահմանում գործող հայկական կուսակցությունների կողմից Եղեռնի 50-ամյակին նվիրված կուսակցական համաժողովներ հրավիրելու փաստերի մասին։
Այդ թեմայի շուրջ արտահայտվեցին Ռոբերտ Խաչատրյանը, Վանիկ Սարգսյանը, Վոլոդյա Սահակյանը և ուրիշներ։ Անշուշտ, զարմանքի մեջ էին Կենտկոմի ապարատում աշխատող ադրբեջանցիները։ Շատ հանգիստ էր և ելույթ ունեցողներին ռեպլիկներով օգնող խոսքեր էր ասում Զարոբյանը։
Բորբոքվեց բանավեճը, մի քանի կրքոտ և տրամաբանական ելույթներից հետո Զարոբյանը կարծեք աստիճանաբար տեղի տվեց և ասաց, որ ԽՄԿԿ-ն մեծ կուսակցություն է, Հայաստանի կոմկուսը նրա մի ջոկատն է, հարկավոր է մի որակյալ տեղեկանք պատրաստել և ներկայացնել ԽՄԿԿ Կենտկոմ։
Վերոհիշյալ խորհրդակցությունում առաջարկներ արվեցին բազմաթիվ հարցերի շուրջ։ Օրինակ, պրոպագանդայի բաժնի վարիչ Ստեփան Վարդանյանը խնդրեց մեր ազգային հերոս Անդրանիկի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ թերթերում հոդվածներ տպագրելու և հեռուստատեսային ու ռադիոհաղորդումներ թույլատրելու վերաբերյալ։
Դիմելով ընդդիմախոսներին, ընկ․ Զարոբյանն ասաց․ « Հարկավոր է մեր փառաբանված Անդրանիկ զորավարի մասին, որին գնահատել են մեր ժողովուրդը, Ստեփան Շահումյանը, հոդվածներ տպագրել»։
Քաղլուստան խորհրդատու Սեմյոն Պապյանը համարձակ կերպով առաջ քաշեց Ղարաբաղի և Նախիջևանի հարցերը, Կենտկոմի միջազգային սեկտորի վարիչ Վանիկ Սարգսյանը խոսեց հայկական եղեռնի վերաբերյալ լեհ գրող Գեմբարսկու նամակների տպագրության մասին։ Նշվեց նաև Հայաստանի գյուղերի թուրքական անունները փոխելու մասին և այլն։ Անշուշտ, Զարոբյանը գոհացուցիչ պատասխաններ էր տալիս ժամանակի համար սուր թվացող հարցերին։ Բոլորս հասկացանք, որ Զարոբյանի համար մեծ հոգս էր ԽՄԿԿ Կենտկոմի, հատկապես գաղափարական գծով քարտուղար Սուսլովին ու արտգործնախարար Գրոմիկոյին համոզելը։
Չհամբերելով, մենք, մի քանի ընկերներով գնացինք Ջոն Կիրակոսյանի մոտ և հարցրինք Զարոբյանի դիրքորոշման մասին։ Նա խաղաքարտերը բացեց, ասելով, որ այդպես էր պետք առաջին պաշտոնական խոսակցության ժամանակ։ « Մենք քարտուղարի հանձնարարությամբ,- ասաց Ջոնը,- երկար ամիսներ է, ինչ թաքուն նյութեր ենք պատրաստում ԽՄԿԿ Կենտկոմ ներկայացնելու համար։ Հանգիստ եղեք»։ Զարոբյանի պահանջած գրությունները 10 օրվա ընթացքում պատրաստվեց և անաղմուկ ԽՄԿԿ Կենտկոմ ուղարկվեց 20-25 էջի սահմաններում։ Դա առաջին տեղեկանքն էր Եղեռնի 50-ամյակը նշելու թույլտվության մասին, մի փաստաթուղթ, որը քաղաքական և գիտական բնույթ ուներ։
Անցավ մոտ 6 ամիս, դարձյալ Զարոբյանի մոտ էինք հավաքվել։ Նա այս անգամ ավելի կատակում էր և կաշկանդված չէր զգում, ինչպես նախորդ խորհրդակցության ժամանակ։ Ավելի համարձակ էր իր արտահայտությունների մեջ, թողնում էր ավելի ուժ առած մարդու տպավորություն։ Այս անգամ հաղորդում տվեց տնտեսական շինարարության հարցերի մասին և անմիջապես խոսքն ուղղելով Ռոբերտ Խաչատրյանին և Ջոն Կիրակոսյանին, ասաց․ « Ի՞նչ եք Եղեռնի 50-ամյակի մասին ասելու»։ Նրանք կարճ հաղորդեցին հայկական սփյուռքի տվյալները և նշեցին տեղեկատվություններ մեզ մոտ պատրաստվող նյութերի մասին։ Լսելով նրանց, Զարոբյանն սկսեց խոսել Եղեռնի վերաբերյալ նոր ընդլայնված փաստաթուղթ ստեղծելու, համոզիչ փաստարկներ բերելու և եղեռնի օրերի մամուլի և մարդկանց ասածները հիշատակելու անհրաժեշտության մասին։ «Եղեռնը մենք պետք է նշենք ազգովին, դա մեր ազգային ցավն է։ Դրանք մեր նյութական, բարոյական, ազգային կորուստներն են, մեր հողային կորուստները։ Այդ մասին պետք է իմանան բոլորը՝ և մեր ներկա սերունդները, և մարդկությունն ընդհանրապես»,-ասաց նա։
-Մենք ոչ մի ժողովրդի նկատմամբ թշնամանք չունենք, օսմանյան իշխանությունների կազմակերպած հայերի եղեռնը եթե մեր կողմից տրվի մոռացության, ապա մենք կարժանանանք սերունդների դատապարտմանը»,-ասաց նա։
Եղեռնը նշելու առթիվ Զարոբյանը, Քոչինյանը(որը ղեկավարում էր կառավարությունը) մի քանի անգամ եղել էին Մոսկվայի վերադաս կազմակերպություններում, որոշակի աշխատանք էին կատարել։ Մարտի վերջերին վերադառնալով Մոսկվայից և հավաքելով կուսակցական ապարատը, կառավարության, քաղկոմի, քաղխորհրդի ղեկավար աշխատողներին, Զարոբյանը պատմեց Մոսկվայի ղեկավարների, հատկապես Սուսլովի, Պոդգոռնու, Գրոմիկոյի դիմադրությունը կոտրելու և քաղբյուրոյի որոշման մասին։ Նա հիշեցրեց, որ ամենից հեշտ մեզ հետ համաձայն եղավ Բրեժնևը, նույնիսկ հուզվեց իմ ներկայացրած ալբոմների որոշ նկարներ տեսնելով։
ՀԿԿ Կենտկոմը հաճախ տարբեր միջոցառումների կապակցությամբ բրիգադներ էր ուղարկում հանրապետության տարբեր շրջաններ՝ տեղերում աշխատելու համար։ Բրիգադներ ուղարկեցին նաև Եղեռնի 50-ամայկի նախօրեին։ Երկու անգամ մեր բրիգադը եղավ Մեղրիի և Սպիտակի շրջաններում, բնակչությանը նախապատրաստում էինք ավելի հանգիստ անցկացնելու զոհերի հիշատակի օրը։
Հայաստան ժամանեց ԽՄԿԿ Կենտկոմի գաղափարական բաժնի բրիգադը՝ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Դեմիչևի աշխատակազմից։ Բրիգադը ղեկավարում էր Լևոն Արշակի Օնիկովը։ Ծանոթանալով նրան՝ Ստեփան Վարդանյանը հանձնարարեց ինձ և Ս․ Պապյանին ամենօրյա գործերում աջակցել Օնիկովին, որի հետ մշտապես աշխատում էր դասախոսական խմբի ղեկավար Վոլոդյա Սահակյանը։
Օնիկովը հավաքում էր տվյալներ թուրք-հայ հարաբերությունների մասին, ծանոթանում էր եղեռնի վերաբերյալ մեզ մոտ լույս տեսած գրականությանը, Եղեռնի ժամանկների քաղաքագետների կարծիքին։ Մենք որոնում էինք նյութեր և մատուցում Օնիկովին։ Ամենուրեք նկատվում էր Օնիկովի լավ տրամադրվածությունը, նա պատրաստում էր տեղեկանք հենց Դեմիչևի համար, որի օգնականն ու խորհրդատուն էր։ Խոսելու ձիրքով և գրելու մեծ շնորհքով հայը կյանքում աներեր արդարություն քարոզող եղավ։
1965թ ապրիլի 24ի առավոտյան բազմություն էր հավաքվել Լենինի և Թատերական հրապարակներում։ Ժողովականներ կային քաղաքի բոլոր շրջանների հավաքատեղերում։ Երեկոյան տեղի ունեցավ սգո հանդիսավոր նիստ։ Եղան ելույթներ, առանց կրքերի բորբոքման։ Եղանք Լենինի հրապարակում, այնտեղ էլ ճառեր էին ասում։ Կենտրոնական լսափողի մոտ ճառ ասողների կողքին կանգնած էին Երևանի քաղկոմի վաստակաշատ քարտուղարներ Բադալ Մուրադյանը և Լյուդվիգ Ղարիբջանյանը։ Ես Օնիկովի մոտ թարգմանչի դերում էի։ Նա կատակով ինձ ասում էր․ «Առանձին սուր մոմենտներ չլսելու տեղ դիր և ինձ մի ասա։ Օնիկովը սիրում էր հայկական ամեն ինչ և այդ զգացմունքը նա չէր թաքցնում, երբ դիտում էր միտինգները, երթերը փողոցներում, մտավորականների գլխավորած շարասյունը դեպի Կոմիտասի այգի։ Մեծ ոգևորություն էր ապրում, երբ այստեղ ամեն ինչ ընթանում էր քաղաքակիրթ ձևով։ Ամեն ինչ կարող էր գուցե հարթ ընթանալ հետագայում նույնպես, եթե չլիներ օպերայի շենքի դահլիճում հանդիսավոր նիստ մուտք գործելու ցանկություն ունեցող պատվիրակության արգելումը իրավապահ մարմինների կողմից, որն առաջացրեց շենքը շրջապատած հազարավոր մարդկանց զայրույթը։ Ամբոխի ցասումը վերածվեց հսկայական ուժի և երիտասարդության որոշ մասը դեմ գնալով միլիցիայի և ՊԱԿ-ի ուժերին՝ դահլիճ մտավ ուժի գործադրմամբ, վնասներ պատճառելով շենքին։ Հանելուկ է մնացել, իրավասու օրգանները կարո՞ղ էին միջոցներ ձեռք առնել անկարգությունների դեմ։ Այդ նույն կարծիքը հայտնեց Օնիկովը և ասաց, որ Հայաստանի անփորձ գտնվեց անկարգությունների ճանապարհը փակելու գործում։
Այդ օրը նախագահության սենյակում Օնիկովը Զարոբյանից չէր պոկվում։ Զարոբյանը ցավով, իրեն հատուկ կատակով ասել էր՝ ժողովուրդը հող է ուզում, մենք կեղտաջուր ցանեցինք նրանց վրա։ Նա նկատի ուներ օպերայի շենք մուտք գործողների վրա միլիցիայի կողմից ջրաշիթեր բաց թողնելը։
Հաջորդ օրը շուտ եկա աշխատանքի, Վոլոդյա Սահակյանին, ինձ և Սիմոն Պապյանին(որն ամբողջ գիշեր Օնիկովի հետ պատրաստել էր Դեմիչևին տրվելիք զեկուցագրի տեքստը) հանձնարարվեց գնալ օդանավակայան և կազմակերպել Օնիկովի շտապ թռիչքը Մոսկվա։ Բանը նրանում էր, որ այդ օրը Պոդգոռնին քաղբյուրոյի նիստում պետք է զեկուցեր Հայաստանում կատարվածի մասին։ Սակայն Օնիկովն ավելի շուտ հասցրեց պատրաստի զեկուցման տեքստը տալ Դեմիչևին, որը Պոդգոռնու փոխարեն ինքը հաղորդեց Հայաստանի դեպքերի մասին։ Իսկ Պոդգոռնին, որն ուշ էր ստացել իրեն բաժնից ուղղված զեկուցման տեքստը, այդպես էլ չէր հասցրել նախապատրաստվել զեկուցման։
Հայկական Մեծ եղեռնի 50-ամյակը նշվեց Հայաստանում և աշխարհի շատ երկրների հայերի կողմից։ Անշուշտ, Կենտկոմի և կառավարության այն ժամանակվա ղեկավարները՝ Զարոբյանը և Քոչինյանը, ունեցան վճռական դեր այդ հարցում։ Այո, 50-ամյակը նշելը սկիզբ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամյա պաշտոնական արարողություններին։ Ստեղծվեց համապատասխան գրականություն, ժողովուրդը տեր դարձավ ցեղասպանությանը, իր պատմությանը։ Մարդկային, նյութական, տարածքային կորուստների ամբողջ ողբերգության պատմությունը հասավ ժողովրդի լայն զանգվածներին, եղեռնի իրողությունը գրավեց աշխարհի բոլոր պետությունների պառլամենտների ուշադրությունը։

Գրիշա Մարտիրոսյան
ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի
ավագ գիտաշխատող (2000թ)

Leave a comment

Your email address will not be published.


*