ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ֆաշիստական զավթիչների դեմ մղվող գոյամարտում խորհրդային ժողովրդի և նրա բանակի ոգեշնչող ու ղեկավար ուժը Կոմունիստական կուսակցությունն էր, երբ կարճ ժամանակում կարողացավ ապահովել քաղաքական, պետական ու ռազմական ղեկավարության, բանակի ու ժողովրդի, ճակատի ու թիկունքի կուռ միասնությունը։ Գիտակցելով ֆաշիզմի կողմից երկիրն ստրկացնելու վտանգը, խորհրդային երկրի ժողովուրդներն արդար գործի հաղթանակի նկատմամբ խոր հավատով, միահամուռ ոտքի ելան պաշտպանելու իրենց սուրբ հողը։ Հայաստանի Կոմկուսի կազմի մեկ երրորդը մեկնեց զինված ուժեր։ Պատերազմի առաջին վեց ամիսներին ռազմաճակատ մեկնեցին կուսակցական բազմաթիվ աշխատողներ, շարքային կոմունիստներ, կոմերիտական քաղմարտիկներ։ Ամեն տեղ և ամենուրեք, թիկունքում և ռազմաճակատում «Կոմունիստներ, դեպի առաջին գիծ» կոչը դարձավ կուսակցական կյանքի օրենքը։ Կուսակցության գաղափարախոսական աշխատանքի բոլոր միջոցները՝ մամուլն ու ռադիոն, գրականությունն ու արվեստը, քաղմասսայական բոլոր միջոցառումները գործի դրվեցին՝ մերկացնելու հիտլերյան զավթիչների պլանները, քաղաքական ու բարոյական դեմքը։ Այդ ամենը նպատակ ուներ զինվորներին և մեր երկրի բոլոր աշխատավորներին համախմբել կոմունիստական կուսակցության և կառավարության շուրջը։

   Արդյունքն այն հաղթանակն էր, որի մեջ իր արժանի ավանդն ունի հայ ժողովուրդն ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում։ Ընդհանուր առմամբ ռազմաճակատ մեկնեցին  շուրջ 600․000 քաջ հայորդիներ, որոնցից ավելի քան 200․000ը իրենց կյանքը դրեցին մարդկության ոխերիմ թշմամու՝ ֆաշիզմի դեմ մղված պայքարում։ 1․360․900 բնակչություն ունեցող Հայաստանը(1941թ տվյալներով) գործող բանակ զորակոչեց շուրջ 300․000 մարդ, որից ավելի քան 100․000ը զոհվեցին մարտերում։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում իրենց արժանի ավնդը ներդրեցին նաև հանրապետության թիկունքի աշխատավորները, որոնց հերոսական աշխատանքի շնորհիվ Խորհրդային Հայաստանը վերածվեց կարմիր բանակի մարտական զինանոցի, որտեղից «Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար» նշանաբանով, տասնյակ շարժակազմերով ամեն օր ռազմաճակատ էին ուղարկվում անհրաժեշտ քանակությամբ մարդկային և նյութական համալրումներ, զենք, զինամթերք, հանդերձանք, սննդամթերք և այլն։ Պատերազմի առաջին իսկ օրից, շնորհիվ Հայաստանի կոմկուսի ձեռնարկած օպերատիվ միջոցառումների իրավիճակին, իրենց աշխատանքները վերակառուցեցին ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մարմինները։ Դա հնարավորություն տվեց նախատեսված ժամանակամիջոցում հաջողությամբ իրագործել զորահավաքային և զորակոչային աշխատանքները, որի շնորհիվ գործող բանակ մեկնեցին պլանով նախատեսված զինվորական ծառայության ենթակա բնակչության 100տոկոսը։ Միաժամանակ հանրապետությունում կազմավորվեցին կամ համալրվեցին 6 ազգային և 7 համազգային դիվիզիաներ, մի շարք բրիգադներ։ Բանակի համար պահեստային ուժեր պատրաստելու գործում կարևոր դեր խաղացին համընդհանուր պարտադիր զինվորական ուսուցման խմբակները, ժողովրդական աշխատավորների ջոկատները, կործանիչ գումարտակները, Երևանի հրետանային և ռազմաօդային ուժերի երկու դպրոցները, ինչպես նաև հանրապետության Պետավիաքիմի, Կարմիր խաչի և սպորտային կազմակերպությունները։ Ռազմապաշտպանական աշխատանքների բնագավառում զգալի գործ կատարվեց  հանրապետության հակաօդային և հակաքիմիական պաշտպանության նախապատրաստման, ռմբապաստարանների և գազապաստարանների լայն ցանցի ստեղծման, պաշտպանական նշանակություն ունեցող կառույցների և ամրությունների շինարարության, պետական սահմանի պաշտպանության ուժեղացման, հակառակորդի պարաշուտիստ- վնասարարների դեմ պայքարելու, երկաթուղիների, հաղորդակցության ճանապարհների, կամուրջների ու արդյունաբերական ձեռնարկությունների պահպանության ուժեղացման ուղղությամբ և այլն։ Ռազմամոբիլիզացիան և ռազմապաշտպանական վերոհիշյալ կարևոր միջոցառումները մեծ չափով նպաստեցին պատերազմի առաջին շրջանում հակառակորդի առաջխաղացումը դեպի Անդրկովկասյան հանրապետություններ կասեցնելու, այնուհետև, նրան Կովկասի համար մղված ճակատամարտում ջախջախելու գործին, ինչն էլ ավելի բարձրացրեց Հայաստանի աշխատավորության հայրենասիրական ակտիվությունը՝ ռազմաճակատային համաժողովրդական օգնություն ցույց տալու հարցում։

Հայ կոմերիտուհի(Երևան, 1941թ)

   Ռազմամոբիլիզացիոն և ռազմապաշտպանական աշխատանքներին զուգընթաց մեծ գործ կատարվեց հանրապետության արդյունաբերությունը ռազմական ռելսերի վրա փոխադրելու ուղղությամբ, որի հետևանքով կարճ ժամանակամիջոցում ամբողջ արտադրությունը ենթարկվեց ռազմաճակատի պահանջներին, կազմակերպվեց ռազմական արտադրանքի թողարկում, ընդլայնվեցին գործող ձեռնարկությունների կարողությունները, կառուցվեցին նոր արտադրամասեր ու ձեռնարկություններ։ Այդ ամենի շնորհիվ, պատերազմի տարիներին հանրապետությունում շահագործման հանձնվեց արդյունաբերական 30 նոր ձեռնարկություն, 110 արտադրամաս, յուրացվեց 300 նոր տեսակի արտադրություն։ Հանրապետության արդյունաբերությունը առաջին անգամ սկսեց արտադրել ականանետեր, ավիառումբեր, ականներ, ինքնաթիռներ, դյուրավառ վառելանյութով լի շշեր և այլն։ Դրա հետ մեկտեղ արդյունաբերության աշխատողների հերոսական ջանքերի շնորհիվ հանրապետությունում տարեկան արտադրվում էր շուրջ 100․000 տոննա ցեմենտ, 90․000 տոննա կարբիդ, 5000 տոննա կաուչուկ, 15000 լրակազմ ավտոդողեր և ավտոկամերա, 800․000 զույգ կոշիկ, 25 միլիոն մետր գործվածք, 20 միլիոն տուփ պահածո, 40․000 դեկալիտր կոնյակ, 600․000 դեկալիտր գինի, 3000 տոննա ծխախոտ, 7500 տոննա միս ու երշիկեղեն, շուրջ 6000 տոննա քարածուխ և այլն։

   Զգալի աշխատանք տարվեց նաև գյուղատնտեսության համակարգը խաղաղ աշխատաձևերից պատերազմական ժամանակվա աշխատաձևի փոխադրելու ուղղությամբ։ Կարճ ժամանակամիջոցում կոլտնտեսությունների, խորհրդային տնտեսությունների, մեքենատրակտորային կայանների, գյուղատնտեսական բոլոր այլ մարմինների ու կազմակերպությունների աշխատանքները փոխադրվեցին ռազմական ռելսերի վրա, որի շնորհիվ Խորհրդային Հայաստանի գյուղի աշխատավորը ապահովելով ռազմաճակատի կարիքները, սեփական արտադրության հաշվին բավարարելով հանրապետության բնակչության հացի պահանջները, նույնպես փրկվեց սովի ճիրաններից։

   Համախմբվեց նաև հանրապետության մտավորականությունը, որը նույնպես իր ամբողջ կարողությունները հիմնականում նվիրեց հանրապետության արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության բնագավառների աշխատանքների կազմակերպմանը, արտադրության կատարելագործմանը, արտադրանքի նոր տեսակների ստեղծմանը, նորարարական-գյուտարարական շարժման ծավալմանը, ինչպես նաև ազգաբնակչության և ռազմաճակատում մարտնչող հայորդիների ռազմա-հայրենասիրական, բարոյական և մարտական ոգու բարձրացմանը։

   Պետական պարտավորությունները կատարելուց բացի, Խորհրդային Հայաստանի աշխատավորները զգալի աշխատանք կատարեցին ռազմաճակատին տարբեր ձևերով համաժողովրդական օգնություն ցույց տալու ուղղությամբ, որն արտահայտվեց երկրի պաշտպանության և բանակի ֆոնդին դրամական ու նյութական միջոցներ նվիրաբերելով, գործող բանակ տաք հագուստներ ու նվեր-ծանրոցներ ուղարկելով, տանկային շարասյուների, ավիաէսկադրիլիաների, զրահագնացքների, ավտոշարասյուների ստեղծման համար դրամական հանգանակություններ կազմակերպելով, վիրավոր և հիվանդ ռազմիկների բուժման, հաշմանդամների, զոհվածների,  ճակատայինների և էվակուացիայի ենթարկվածների ընտանիքների, որբերի և անապաստան երեխաների նկատմամբ ցուցաբերած հոգատարությամբ, գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրված շրջաններին օգնելու համար հատուկ ֆոնդ ստեղծելով, բանակ նամակներ ու աշխատավորական պատվիրակություններ ուղարկելու, ռազմաճակատից զինվորական պատվիրակություններ ընդունելու միջոցով և այլն։ Այս ամենը էլ ավելի նպաստեց բանակի և ժողովրդի միջև եղած սերտ կապերի ամրապնդմանը, մոտեցրեց հաղթանակի ժամը։

   76 տարի է անցել աշխարհակործան այդ պատերազմից, սակայն հաղթանակած ժողովուրդը հայտնվել է մի ավելի կործանարար պատերազմի մեջ, որը ոչ միայն ֆիզիկական բնաջնջման է ենթարկվում, այլև․․․

   1991թ անկախացումից ի վեր, քաղաքական ասպարեզ են եկել մարդիկ, որոնք հեռու լինելով անցյալի պատմական իրադարձություններից, ամեն ինչ անում են սևացնելու այն, այդ թվում նաև Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակը, ինչպես նաև հայ ժողովրդի անուրանալի ավանդը։ Նման անբարո վերաբերմունքը պաշտոնյաների կողմից, չի կարող մարդկանց հիշողությունից ջնջել միլիոնների արյունով գրված մարտական տարեգրության խոսուն էջերը, որոնք անկախ փոփոխվող իշխանիկներից, կհիշվեն այնքան ժամանակ, որքան կգոյատևի մարդկությունը։

Leave a comment

Your email address will not be published.


*