ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայրենակիցներ՝ մեր երկիրը կրկին կանգնած է պայթյունավտանգ
իրավիճակի առջև, ադրբեջանական դիվերսանտներն ապօրինի
հատել են ՀՀ պետական սահմանն ու անցել Հայաստանի
Հանրապետության սուվերեն տարածք, խորանալով 3,5 կմ։ Իհարկե
բոլորս գիտենք, որ դա իշխանությունների անգործության, ձախողման
և դիլետանտության արդյունքն է, որոնք խաղաղություն էին քարոզում
թշնամու հետ։ Հազիվ թե գտնվի մի մարդ, ով դեմ կլինի
խաղաղությանը, բայց այն պետք է հիմնված լինի ազգերի
իրավահավասարության և գաղափարների վրա, որը չկա հիմա։
Հետևաբար նման պարագայում չի կարող լինել խաղաղություն և
նման միջադեպերը կրելու են պարբերական բնույթ։ Ուստի մեզ
հարկավոր է հայրենիքը սիրող իշխանություն, որը պատրաստ կլինի
ամեն գնով պաշտպանել մեր երկրի յուրաքանչյուր թիզ հողը և իր
գործողություններով կամ անգործությամբ չվտանգի Հայաստանի
տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

Մենք իհարկե շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն
պետություններին և քաղաքական գործիչներին, որոնք իրենց
օգնությունն են առաջարկել Հայաստանին այս վիճակից դուրս գալու
համար, սակայն, վերադառնալով իրատեսությանը, հարկավոր է
հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ մեր տարածաշրջանում,
անկախ ամեն ինչից, նման հարցերը կարող են լուծվել բացառապես
մեր ռազմավարական դաշնակցի միջոցով, որի հետ ունենք
ռազմական համագործակցության պայմանագիր։

Հետևաբար մենք պահանջում ենք իշխանություններից անհապաղ
դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ պաշտոնապես, նամակով և
օգտագործել հնարավոր բոլոր մեխանիզմները, որպեսզի
ադրբեջանական դիվերսանտները դուրս շպրտվեն ՀՀ սահմաններից,
և իրավիճակից ելնելով, զերծ մնալ Հայաստանում հակառուսական
կրքեր բորբոքելուց։

ՀԿԿ Կենտկոմ

Leave a comment

Your email address will not be published.


*