Ոճրագործը պատժվեց

2011 թ. ապրիլի 24-ին Սևակ Պալըքճը սպանվեց Քըվանչ Աղաօղլուի կողմից Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին, երբ իր պարտադիր զինվորական ծառայությունն էր անցնում  Պաթմանի Քոզլուք շրջանում:  Հրանտ Դինքի սպանությունից չորս տարի անց, մէկը մեզ՝ հայերիս հիշեցրեց իրենց հարյուրամյա ցեղասպանության հիշողությունը: Տասնամյա դատավարության ավարտին ոճրագործ Քըվանչ Աղաօղլուն 16 տարի 8 ամիս ազատազրկմամբ պատժվեց Վճռաբեկ Ատյանի որոշմամբ, որը ձայների մեծամասնությամբ վերջնականորեն հայտարարվեց 2021 թվականի հուլիսի 13-ին: Հակառակ նրան, որ Սեւակ Պալըքճը սպանվել էր դիտավորյալ, Վճռաբեկ Ատյանը հաստատեց ոճրագործի պատժի մեղմացումը՝ պատճառաբանելով, որ ոճրագործը չի ունեցել սպանելու դիտավորություն:

Սևակ Պալըքճըի սպանությունից հետո պարզվեց, որ հրամանատարները երկու հակասական տեղեկագիր են պատրաստել, մեկուկես ժամ տարբերությամբ: Առաջին տեղեկագրի մէջ գրված էր, որ ոճրագործ Աղաօղլուն զէնքն ուղղել  է դէպի Սևակը, իսկ երկրորդի մէջ, որը պատրաստված էր ոճրագործի պաշտպանության համապատասխան, Սևակը մահացել է «անզգուշորեն»։ Սպանությունից հետո հրամանատարները փորձեցին կոծկել դեպքը՝ առանց հանցագործության դեպքի վայրի հետաքննության: Վկաներից Հալիլ Էքշին իր առաջին հայտարարության մեջ ասել էր, որ ոճրագործ Քըվանչ Աղաօղլուն դիտավորյալ է սպանել Սեւակ Պալըքճըին, բայց հետո փոխել է  իր հայտարարությունը և ասել, որ դեպքը տեղի է ունեցել անզգուշությամբ, երբ իբրև թե ոճրագործն ու Սևակը կատակել են:  Վկա Հալիլ Էքշին դատապարտվեց և պատժվեց կեղծ ցուցմունքներ տալու համար:  Վկա Հալիլ Էքշին և նրա  ընտանիքը պնդեցին, որ ճնշում են գործադրել իրենց վրա, որպեսզի ցուցմունք տան ոճրագործի օգտին։

Դիարբեքիրի ռազմաօդային ուժերի հրամանատարության 2-րդ ռազմական դատարանը որոշում կայացրեց, որ Սևակ Պալըքճն անզգուշորեն է սպանվել և ոճրագործին դատապարտեց 4 տարի 5 ամիս ազատազրկման: Նույն օրը Սևակ Պալըքճըի մայրը՝ Անի Պալըքճը, իր նամակի մեջ գրեց հետևյալը. «Երանի վերջ գտներ այն մտայնությունը, որ մտածում են, թե հայ սպանելով հերոս են դառնում»։

Պալըքճը ընտանիքը  վճռական պայքար էր մղում և երբեք չէր դադարեցնում արդարության պահանջը: Սևակի հայրը Կարապետ Պալըքճը ասել էր հետևյալը. «Երբ մենք գնում էինք որոշ տեղեր, ոմանք ասում էին,- մենք քեզ զորակցում ենք,- բայց երբ օգնություն էի խնդրում, տեսնում էի, որ այնտեղ ոչ ոք չկա: Ես մենակ եմ:  Ես ուզում եմ, որ մեր հետևը գտնվող մարդիկ մի քիչ մեզ հետ լինեն, սեղմեն մեր տան դռան զանգակը:  Մնացինք մենակ: Մյուս կողմից, այո, մենք որոշ տեղեր մենակ չէինք, մեր ընկերներից մի քանիսն եկել էին  Դիարբեքիր  և աջակցում էին մեզ:  Ես ամենից շատ շնորհակալ եմ Նոր Զարթօնքին: Շնորհակալ եմ Կարո Փայլանին, Ժաքլին Չելիքին, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, որոնց անունները հիմա չեմ հիշում»:

2019 թ. ապրիլի 24-ին Սևակ Պալըքճըի գերեզմանի մոտ տեղի ունեցած ոգեկոչման ժամանակ Նոր Զարթօնքի անունից ելույթ ունեցավ Ալեքսիս Քալքը. «Սևակի ոճրագործները դեռ չեն ստացել անհրաժեշտ պատիժները:  Ցավոք, արդարության համար պայքարը դեռ շարունակվում է Սևակի և  բոլոր ճնշվածների համար: Դեռ խաղաղության և եղբայրության լեզու չի հաստատվել մեր երկրի մեջ:  Ցավոք, ոճրագործների լեզուն գերակշռող է մեր երկրի մեջ:  Այս իրավիճակը խորապես տխրեցնում է  մեզ:  Այս լեզուն արգելում է, որ արդարություն տեղի ունենա: Մենք պիտի շարունակենք մեր պայքարը հանուն արդարության, հավասարության եւ եղբայրության բոլոր ճնշված մարդկանց, Սևակ Պալըքճըի և Հայոց ցեղասպանության զոհերի համար: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր պայքարում են նորածնից ոճրագործ ստեղծող խավարի դեմ»։ Ալեքսիս Քալքը, այս ելույթի պատճառով բերման ենթարկվեց: Հարցաքննությունից հետո ազատ արձակվեց:

Ինչպես այսօր, տասը տարի առաջ էլ, պետությունը վառ էր պահում ատելությունն ու թշնամանքը տարբեր ազգային ինքնությունների նկատմամբ: Զինվորների կասկածելի մահվան դեպքերը հաջորդում էին իրար: 2012-ին Սպայակույտի հրամանատարության կողմից արված հայտարարության համաձայն վերջին տասը տարվա ընթացքում 934 մարդ ինքնասպան է եղել: Իրենց ազգային ինքնության, հավատքի և քաղաքական հայեացքների պատճառով խոշտանգված և սպանված զինվորների սպանությունները ծածկվում էր թատրոնով, որին մասնակցում էին ռազմական դատարանները, իսկ սպանությունները մնում էին անպատիժ:

Այս երկիրի մէջ, ուր դատարանի դահլիճները վերածված էին թատրոնների, մենք կազմակերպված պայքար մղեցինք, որպեսզի բացայայտվի ճշմարտությունը եւ այս ատելության հանցագործությունը չմնա անպատիժ: Դատավարությունների ընթացքում Պոլսի և Դիարբեքիրի մեջ միաժամանակ բողոքի ցույցեր և մամլո հայտարարություններ կազմակերպեցինք՝ պահանջելով արդարություն: Հրապարակ իջանք զորակցելու համար Պալըքճը ընտանիքին, որպեսզի Սևակ Պալըքճը չմոռացվի, ուրիշ Սևակներ չսպանվեն: Մենք միշտ ջանք թափեցինք որպեսզի նյութը մնա հասարակության օրակարգում և փորձեցինք Թուրքիայի Ազգային Խորհրդարանին  տեղյակ պահել այս գործի մասին:

Ոճրագործը պատժվեց: Գոնե մեկ ատելության հանցագործություն այս անգամ անպատիժ չմնաց: Պալըքճը ընտանիքի վճռական կեցվածքը , արդարության պահանջը եւ կազմակերպված պայքարը դրական դեր խաղացին: Եւս մեկ անգամ մենք տեսանք, որ մեզ այլ բան չի մնում, քան կազմակերպված պայքար մղել ատելության դեմ և զորակցել իրար:

Մենք հարգանքով և երախտագիտությամբ ենք հիշում բոլոր նրանց, որոնք, Պալըքճը ընտանիքին մենակ չթողեցին. հատկապես Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Թահիր Էլչին, ով սպանվեց  2015 թ. նոյեմբերի 28-ին, երբ մամուլի ասուլիսի ժամանակ խաղաղություն էր պահանջում

 Նոր Զարթօնք

Leave a comment

Your email address will not be published.


*